ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱԳԻԿ ԳԱՐՈՒՇԻ
ՀՀ Սահմանադրական
դատարանի նախագահ
ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գագիկ Գարուշի Հարությունյանը ծնվել է 1948 թվականի մարտի 23-ին ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն (նախկինում՝ Հրազդան) գյուղում:
1954 -1955 ուստարում ընդունվել և 1964-1965-ին ավարտել է Գեղաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանը:
1965-1970 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև՝ ասպիրան-տուրան:
1973-ին նա դասախոսական աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանում, ապա եղել է ավագ դասախոս, դոցենտ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում:
1977-1978 թվականներին գիտական ստաժավորում է անցել Հարավսլավիայում՝ Բելգրադի համալսարանում:
1982-1987 թվականներին Գագիկ Հարությունյանն աշխատել է տնտեսագետ-դասախոս Հայաստանի կոմկուսի կենտկոմում:
1987 թվականին նշանակվել է Կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ:
1990 թվականին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականին՝ ԳԽ նախագահի տեղակալ:
1991-ին նա ընտրվել է Հայաստանի Հանրապետության փոխնախագահ:
1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի հուլիսը կատարել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները:
1996 թվականի փետրվարի 6-ին Ազգային ժողովի կողմից նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ:
1996 -2009 թվականներին եղել է ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահը:
1997 թվականի հոկտեմբերից նորանկախ երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների մշտական գործող կոնֆերանսի նախագահողը և «Սահմանադրական արդարադատություն» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի նախագահն է:
1997թվականի դեկտեմբերին ընտրվել է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ, իսկ 1998 թվականի նոյեմբերից՝ Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի անդամ:
1997 թվականից Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անդամ է:
ՀՀ նախագահի 1998 թվականի ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս:
1999 թվականի մարտին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Սահմանադրական դատարանը պետական իշխանության համակարգում (համեմատական վերլուծություն)» թեմայով:
Գագիկ Հարությունյանը իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր է: Նա հեղինակ է 23 մենագրությունների, ինչպես նաև 150 գիտական հրապարակումների (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն)՝ նվիրված տարածաշրջանային զարգացման, պետական կառավարման, հասարակության ժողովրդավարացման, սահմանադրա-կան իրավունքի և սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին: Մասնակցել և զեկուցումներով հանդես է եկել ավելի քան 50 միջազգային գիտական և գիտագործնական սահմանադրական իրավունքի, մասնավորապես սահմանադրա-կան արդարադատության հիմնախնդիրներին վերաբերող համաժողովներում:
2009 թվականից սահմանադրական արդարադատության միջազգային կոնգրեսի բյուրոյի անդամ է :