Դպրոցի պատմությունը
ԼՈՒՅՍԻ ՕՐՈՐԱՆ՝ ԴՊՐՈՑ ՍՐԲԱԶԱՆ
Մարդկության առաջադիմության և ազգապահպանման համար կարևոր նշանակություն ունի ազգային դպրոցը, որի արմատները, փռվելով հինգերորդ դարի խորքերում, Ճյուղավորվելով հասել են քսաներորդ դար ու լուսավորել Կոտեից աշխարհի Ճաթկռան գյուղի՝ խավարի մեջ խարխափող գեղջուկների հոգիները:
Դարերի մեջ իր գոյությունը գրով ու խաչով պահպանող հայ ժողովուրդը կարողացել է հիմնել դպրանոցներ, որտեղ նա հայ մանուկին մագաղաթի վրա հայրենասիրություն է դաստիարակել, նրա սրտում վառել հայր Մաշտոցի ստեղծած այբուբենի լույսերը: Տարբեր ժամանակներում մեր հողը պղծող թշնամիների դեմ դպրոցն է եղել այն հզոր դարպասը, որի առաջ ծնկի են եկել հազար հույն ու արաբ, թուրք ու պարսիկ, մոնղոլ ու թաթար: Գիտության այս լույս օրորանը իր գիրը՝ օրհնված հայոց խաչով, պարզել է ամեն արհավիրքի դեմ և գրով պաշտպանել նախ ինքն իրեն, ապա՝ իր ազգին:
Բոլոր դարերում էլ դպրոցն է վառել ազգափրկիչ ու ազգապահպան ջահը՝ հնչեցնելով հարատևության և անմահության զանգերը: Եվ դպրոցում է ծաղկել ու պտղավորվել ազգի այն նորատունկ այգին, որ կոչվել է աճող սերունդ: Դպրոցի պատերի ներսում է ձևավորվել ժամանակի հայ մարդու կերպարը՝ մկրտվելով հայրենասիրութան ոգով: Խաչն ու գիրը մեկտեղվել են՝ ընդդեմ չարի, որը միշտ էլ եղել է մեզ հետապնդող, քանզի ունեցել է մի նպատակ՝ մեր հողի վրա ստեղծելու իր գաղութ-պետությունը: Թափառական ցեղերը չեն կարողացել կտրել մեր լեզուն և լռեցնել մեր եկեղեցու զանգերը: Հողը խոսել է հայերեն, և դպրոցի զանգը հնչել է հայերեն, ու դրանից էլ սարսռացել է մեր ոսոխը:
Հեշտ չի ընթացել դպրոցաշինության գործը, մանավանդ երբ սուրն է միշտ ճոճվել մեր ազգի գլխավերևում: Միայն 20-րդ դարի սկզբում հայ ժողովուրդը կարողացավ շտկել իր դարավոր կքած մեջքը և նորից հնչեցնել հայ դպրանոցների զանգերի կտրած ու լուռ լեզվակները: Ազգի կրթության գործը համարվեց առաջնային. դա էր պահանջում ժամանակը: Միայն կրթված և գրագետ ազգը կարող էր քայլել ժամանակի հետ ու դիմանար աշխարհավեր փոթորիկներին, ազգին պատուհասող աղետներին: Դարասկզբին սկիզբ առած և շարունակվող դպրոցաշինության գաղափարը հույսի կաթիլներ ներշնչեց նաև Գեղաշեն գյուղի բնակիչներին՝ անելու առաջին քայլերն այդ ուղղությամբ:
Մինչև գյուղում դպրոց բացվելը եղել են ուսում առած շատ մարդիկ, որոնք մտահոգված են եղել գյուղի երեխաների կրթության հարցերով:
Սմբատյանց Նախիջևանցին գրում է, որ Շահխաթունյանցը և Ղևոնդ Ալիշանը զանազան պատմագիրների վկայությամբ և արձանագրությունների հիման վրա կազմել են Սևանի վանահայրերի ցուցակը. մինչև 1893 թիվը Սևանի վանքն ուներ 34 վանահայր, որոնցից 32-րդը եղել է Մինաս վարդապետը՝ Ճաթկռանցի, Կոտեից գավառից: Նրանից հետո հոգևոր կրթություն են ստացել բազմաթիվ քահանաներ՝ տեր Հարությունը, տեր Մեսրոպը, տեր Գարեգինը, տեր Գևորգը, և ծառայել ազգին ու գյուղին անշահախնդիր ձևով:
Մկրտիչ Հովհաննեսի Հակոբյանը, որին գյուղում Խալփա էին կոչում, 1895 թվականին՝ Էջմիածնի ճեմարանն ավարտելուց հետո, զբաղվել է գյուղի երեխաներին մասնավոր դասեր տալով: Մարդիկ հարգանքով են խոսել նաև մշեցի Գևորգի մասին: Նա ևս կրթված ու զարգացած մարդ է եղել: Մտահոգված լինելով հայրենակիցների ճակատագրով՝ իր հյուրասենյակը դարձրել է դասասենյակ, գյուղի երեխաներին մայրենի լեզու և թվաբանություն է սովորեցրել: Այս երկու անձնավորությունները առաջադեմ մարդկանց հետ մեծ աշխատանք են կատարել գյուղում դպրոց բացելու գործում: Անմահանալու արժանի է նաև համագյուղացի Եփրեմ Մարտունի Սարգսյանը, որին կոչում էին նաև Երվանդ: Նա ծնվել է 1885 թվականին: Երևանի թեմական դպրոցն ավարտելուց հետո հաջողությամբ ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ապա՝ Դորպատի համալսարանը: Երվանդը Հայաստանի դաշնակցության անդամ էր, հետագայում եղել է նաև ազգային խորհրդի անդամ և քարտուղար: Ամեն հարցում աջակցում էր գյուղի ժողովրդին ոչ միայն գործով, այլև գումարով: Նա ևս մեծ հայրենասեր էր ու բանաստեղծ: Ահա այս և նման մարդիկ էին, որոնք ամեն ձևով գյուղի մարդկանց բացատրում էին, որ ամենից առաջ հարկավոր է դպրոց ունենալ, որ ազգը լինի կիրթ ու զարգացած: Խնդիրը հասունացել էր և շուտափույթ լուծում էր պահանջում: Այդ նպատակով 1912 թվի մարտի 12-ին հրավիրվում է գյուղի հասարակական ժողով և կայացվում հատուկ որոշում՝ դպրոց բացելու մասին: Գրում են գրավոր խնդրանք՝ Երևանի հոգևոր կոնսիստորիային ուղղված, և թախանձում չմերժել իրենց խնդրանքն ու թույլատրել գյուղում բացել դպրոց: Գյուղացիների հույսերն իրականանում են. 1912 թվականի հոկտեմբեր ամսին տրվում է թույլտվություն: Կոնսիստորիայի և գյուղացիների միջև կնքվում է պայմանագիր՝ մեկդասդասյա դպրոց բացելու մասին: Գյուղացիները՝ թվով 88 մարդ, պարտավորվում են իրենց ծախսերով կատարել հետևյալ աշխատանքները.
ա) պատրաստել դասասենյակ՝ պարապմունքներն անցկացնելու համար
բ) պատրաստել ուսուցչի բնակարան
գ) վերանորոգել դասասենյակները և ուսուցչի բնակարանը
դ) 250 ռուբլի գումար մուծել պետական բանկ
ե) գնել սեղան-նստարաններ և ուսումնական անհրաժեշտ պարագաներ:
Գյուղացիները, հանգանակություն կատարելով, հավաքում են 713 ռուբլի գումար, որից 250 ռուբլի մուծում են պետական բանկ, իսկ մնացածը ծախսում են մյուս պարտավորությունները կատարելու համար: Հաջորդ քայլը երեխաներ հավաքագրելն էր: Սովորելու ցանկություն ունեցողների թիվը հենց սկզբում 100-ից ավելին է լինում, բայց պետք է ընտրվեին 40 աշակերտ: Կատարվում է վիճակահանություն, ընդունվում են 38 տղա և 2 աղջիկ: Եվ 1912 թվականի հոկտեմբերի 27-ին զնգում է Կոտայքի գավառի Ճաթկռան գյուղի նորաբաց դպրոցի բացումն ավետող անդրանիկ զանգը ու ազդարարում գիտության լույսի մուտքը կորած նահապետական գյուղ: Սկսվում են պարապմունքները:
Արշավիր Ավագի Խոնդկարյան Եղիշե Արշավիրի Աղախանյան(ց)
Դպրոցի առաջին տնօրենը եղել է Արշավիր Ավագի Խուդգարյանը(Խոնդկարյան): Մեկ տարի հետո նրան փոխարինել է Եղիշե Աղախանյանը: Ուսուցիչ են աշխատել նաև մեր համագյուղացիներ տեր Մեսրոպը, նրա տղան՝ Սահակը, հետո եկել ու որպես տնօրեն և ուսուցիչ աշխատել են Գրիգոր Աղաջանյանը, Արտաշես Կարասյանը, Գեղամ Աղաջանյանը, Վարտիկյանը, Արամայիս Ահարոնյանը (գրող Ավետիս Ահարոնյանի եղբայրը), ուսուցչուհի Ասիլյանը և ուրիշներ: Որպես առաջին դպրոցի շենք ծառայել է Խալփա Մկրտչի տունը:
Գյուղի առաջին շրջանավարտներից են՝
1. Ավետիսյան Բարդուղիմեոս
2. Ավետիսյան Հովհաննես
3. Հարությունյան Արշանուշ
4. Հարությունյան Արամայիս
5. Քոչարյան Սոս
6. Կարապետյան Իգնատիոս
7. Հովհաննիսյան Յուղաբեր
8. Դավթյան Մարկ
9. Տոնոյան Նիկղոս
10. Փանոսյան Հարություն
11. Վարդանյան Վարդան
12.Պողոսյան Արամայիս
13.Մարգարյան Արամայիս
14.Նավասարդյան Սուրեն
15. Մանուկյան Արշակ
1912-1913 թվականներին բացված դպրոցի առաջին աշակերտ
Բարդուղիմեոս Ավետիսյանը
Գյուղի առաջին աշակերտուհիները եղել են Հովհաննիսյան Յուղաբերը և Հարությունյան Արշանուշը, որի հետ ամուսնացել է առաջին տնօրենը՝ Արշավիր Խոնդկարյանը ու միասին գնացել են գյուղից և ապրել այլ վայրում:
Նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից 4-ը ընդունվել են պետական համալսարան, 2-ը՝ Գևորգյան ճեմարան: Վարդանյան Վարդանը և Փանոսյան Հարությունը ստացել են բարձրագույն կրթություն, իսկ Տոնոյան Նիկողոսը, Պողոսյան Արամայիսը և Նավասարդյան Սուրենն ստացել են զինվորական կրթություն: Առաջին համաշխարհային պատերազմի և Մեծ եղեռնի տարիներին, ինչպես շատ տեղերում, մեզ մոտ էլ փակվեց դպրոցը: 3-5 տարի գործող դպրոցը բավականին լուսավորեց հետամնաց գյուղը և տվեց իր առաջին պտուղները:
Ճաթկռանում, ինչպես և ողջ Խորհրդային Հայաստանում, 1921 թվականի սեպտեմբերի 1-ին բացվեց քառամյա դպրոց: Այդ ժամանակ որպես դպրոցական շենքեր օգտագործեցին Խաչկանց Ստեփանի, Դավուդի Կարոյի և Տոնոյի Արամի բնակարանները: Քառամյա դպրոցի առաջին տնօրենն էր Հարությունյան Սահակը՝ ճաթկռանցի տեր Մեսրոպի տղան: Խորհրդային տարիներին գնալով ավելանում էր սովորողների թիվը, որի պատճառով էլ անհրաժեշտություն է առաջանում մեծ ու հարմարավետ նոր շենք կառուցելու: Այս գործում մեծ ծառայություն է մատուցել համագյուղացի Գինոսյան Արմենակը, որի շնորհիվ 1926 թվականի հունվարին շահագործման հանձնվեց դպրոցական նոր տիպի շենք: Այդ տարին դպրոցի տնօրեն ընտրվեց Ենոք Խշտոյանը, ուսուցիչ էին աշխատում Ավագյան Սուրենը, Հարությունյան Սեդրակը, նրա կինը՝ Օլգան: Խշտոյանից հետո արդեն տնօրեններ եղան նորքեցի Աբգարյանը, քալարեցի Եղիազարյանը և ուրիշներ: 1929 թվականի սեպտեմբերի 1-ին դպրոցը դարձավ յոթնամյա, իսկ 1938 թվականի սեպտեմբերի 1-ից՝ միջնակարգ:
Դպրոցը տարրականի և յոթնամյակի տարիներին ունեցել է լուրջ հաջողություններ: Մի փոքր հետընթաց է ապրել կոլեկտիվացման տարիներին: Ստալինյան ժամանակներում գյուղից շատ ազնիվ ու անմեղ մարդիկ և նրանց երեխաները զրկվել են կանոնավոր ուսում ստանալու հնարավորությունից: Հալածանքները, բանտերն ու սիբիրյան աքսորը խանգարեցին դպրոցական աշխատանքներին: Դրությունն էլ ավելի վատթարացավ տրոցկիստական շարժմանը մասնակցելու կամ հարելու ամբաստանությամբ Ռուսաստանի ծայր հյուսիս քշվածների ընտանիքների համար: 1928-1938 թվականներին տարբեր մեղադրանքներով չորս տասնյակից ավելի գյուղացիներ աքսորվեցին Սիբրիր, որոնց մի մասը այլևս չդարձավ հայրենի օջախ: Կրկնակի ծանր հարված իջավ գյուղի գլխին Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Տղամարդ մանկավարժները կամավոր մեկնեցին ռազմաճակատ: Նրանց փոխարեն դպրոցը ղեկավարեցին և ուսման գործը իրեց ուսերին պահեցին նույնիսկ մասնագիտություն չունեցող կամ էլ կիսագրագետ կանայք. դա էր պահանջում ժամանակը:
1934-ից մինչև 1945 թիվը փոխվեցին 10-ից ավելի տնօրեններ, որոնցից ոչ մեկը, ցավոք, տեղացի չէր: 1944 թվականի օգոստոսին Գառնիից հայրենի գյուղ տեղափոխվեց Գեղամ Ասատրյանը և աշխատեց որպես տնօրեն:
1940-ական թվականներին բացված և Դպրոցին կից <<Ցախանոց>>
մինչև 1987 թ. գործող դպրոցի շենքը կոչված կառույցը
Աշակերտների թվաքանակի ավելացման պատճառով 1940-ական թվականների սկզբներին կառուցվում է գյուղի կենտրոնում գտնվող նախկին դպրոցի երկհարկանի շենքը, իսկ 60-ական թվականների կեսերին ավելացվում կից կառույցը: Այն օգտագործվել է մինչև 1987 թիվը: Այսօրվա դպրոցի եռահարկ շենքը շահագործման է հանձնվել 1987-1988 ուսումնական տարում:
Հին դպրոցի շենքն ամբողջությամբ 1967-1968-ին ավելացված մասնաշենքը
Անցած տարիների հետ փոխվել են ոչ միայն դպրոցական կառույցները, այլև մանկավարժական կադրերը: Տարրական դպրոցին փոխարինել է քառամյա դպրոցը, քառամյային՝ միջնակարգը: 1912 թվականին հիմնադրված դպրոցը սկզբում կոչվել է Կոտայք գավառի Ճաթկռանի տարրական դպրոց, 1921-ին վերաբացված դպրոցը՝ քառամյա, 1929-ին՝ յոթնամյա, 1938-ին՝ Կոտայքի շրջանի Հրազդանի միջնակարգ, 1967-ին՝ արդեն Գեղաշենի միջնակարգ, իսկ 2011 թվականից ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց: 105 տարիների ընթացքում դպրոցում սովորել և ավարտել են նաև հարևան գյուղերի 200-ից ավելի աշակերտներ: Ընդհանուր հաշվարկով դպրոցի բոլոր տարիների շրջանավարտների թիվը հասնում է մի քանի հազարի, որոնցից մոտավորապես 1000 հոգի սովորել ու ավարտել են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ բուհեր: Դպրոցն ունեցել է 20-ից ավելի մեդալակիրներ և նույնքան էլ գիտության թեկնածուներ, դոկտոր-պրոֆեսորներ, նաև զինվորականության, ոստիկանության և արդարադատության գծով շատ ու շատ անվանի մարդիկ՝ գեներալ ու ակադեմիկոս, դատավոր ու բժիշկ, ուսուցիչ ու դերասան, մարդիկ, որոնք իրենց հայրենանվեր աշխատանքով շենացնում են հայրենի երկիրը, մարդիկ, որոնք ունեն գեղաշենյան գրանցում և գեղաշենյան ատեստատ: Նրանք կերտում են գյուղի և դպրոցի պատմությունը, և նրանցով են երևում Գեղաշեն գյուղի պատկերն ու դիմագիծը: Գեղաշենի միջնակարգ դպրոցն ունի 105-ամյա պատմություն՝ գրված հայրենի գյուղի անվանի և հերոս մարդկանց՝ անցյալի, ներկայի և ապագայի դասագիրքը գրող «ոսկե» գրիչով: