Ռազմիկ Ստեփանյանի կենսագրությունը

  Ռազմիկ Գեղամի Ստեփանյանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 8-ին  ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն (նախկինում՝ Կոտայքի Ճաթկռան,  Հրազդան, այնուհետև՝ Աբովյանի շրջանի Գեղաշեն) գյուղում՝ հողագործի ընտանիքում:

 

    1937 թվականին ընդունվել է Հրազդան գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարան և 1945 թվականին ավարտել 8-րդ դասարանը գերազանց գնահատականներով: 1945 թվականին Ռազմիկ Ստեփանյանն ընդունվել ու 1948-ին ավարտել է Երևանի հիդրոմելիորատիվ և հողաշինարարական տեխնիկումի հիդրոմելիորատիվ բաժինը: Ստանալով միջնակարգ մասնագիտական կրթություն՝ 1948 թվականի հուլիսին գործուղվել է աշխատանքի ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջանի գյուղբաժին՝ որպես ինժեներ-հիդրոմելիորատորի պաշտոնակատար և մնացել մինչև 1949 թվականի հուլիսի վերջը: 1949-1953 թվականներին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ,  աշխատել  որպես աշխարհագրության և աստղագիտության ուսուցիչ: 1959 թվականին նույն դպրոցում նշանակվել է ուսումնական մասի վարիչ, աշխատել մինչև 1961 թվականը: 1961 թվականի ապրիլից մինչև 1968 թվականի հունվարի վերջը եղել է դպրոցի տնօրեն: Աշխատանքին զուգահեռ 1963-ին ընդունվել և 1969-ին ավարտել է Երևանի հայկական գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորատիվ  ֆակուլտետը ու ստացել  ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորում:

1955 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը: 1957 թվականից ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության անդամ էր, իսկ 1965-ից՝ ՀՍՍՀ  աշխարհագրական ընկերության անդամ: 1969 թվականի նոյեմբերին շրջանային կոմիտեն նրան նշանակել է Աբովյան քաղաքի նորաբաց էլեկտրոնային սարքաշինական տեխնիկումի  ուսումնական մասի վարիչ: 1970 թվականի հունիսի 16-ից մինչև 1973 թվականի մայիսի 23-ը աշխատել է Աբովյանի շրջանի մեքենահաշվարկային կայանում՝ որպես կայանի պետ, իսկ դրանից հետո՝ 1973- 1978 թվականներին, եղել է Աբովյանի շրջխորհրդի վարիչ: 

 

Աշխատելով տարբեր բնագավառներում՝ նա ստացել է բազմաթիվ պատվոգրեր,  գովասանագրեր, շքանշաններ:  Հանրապետական և շրջանային մամուլում  հանդես է եկել հետաքրքիր ու բովանդակալից հոդվածներով: Անվանի մանկավարժը կազմել և պատրաստվում էր հրատարակելու աշխարհագրական տեղեկատու- բառարան, սակայն 1978 թվականի հունվարի 23-ին ընդհատվում է Ռազմիկ Ստեփանյանի երկրային կյանքը: Նրա անավարտ երազանքը իրագործեց ավագ թոռը՝ կրտսեր Ռազմիկ  Ստեփանյանը, ու  2008 թվականին հրատարակեց «Ֆիզիկական աշխարհագրության տերմինների բացատրական բառարան» տեղեկատու-գիրքը՝ սիրո և երախտագիտության հուշարձան կանգնեցնելով վաստակաշատ ուսուցիչ պապիկի 80-ամյա հոբելյանին:

 

Ռազմիկ Ստեփանյանն իր կարճատև, բայց բազմաբովանդակ կյանքով կարողացավ միայն իրեն հատուկ՝ մարդուն տեսնելու և ճիշտ գնահատելու կարողությամբ, բարեկրթությամբ, մանկավարժական խորագիտությամբ, համոզիչ ու համարձակ մտքերով, բոլորանվեր տրվել մատաղ սերնդի կրթության պատվաբեր ու շնորհակալ գործին: Հիմնավոր բնագիտական գիտելիքներն եւ մանկավարժական փորձը, արտասովոր անկեղծությունը, մեղմ  խառնվածքն ու  պահանջկոտությունը, նրան անփոխարինելի դարձրին դպրոցի աշակերտների և մանկավարժական կոլեկտիվի համար:Նա ընտրեց ապրելու այն կերպը, որով հանապազօրյա տքնանքից ու որոնումներից հանգեց մի իմաստուն խորհրդի. ոչ մի աշխատանք բարունակ չէ այնքան, որքան  մտքի ազնիվ հերկը: 

Հարգված և սիրված  մանկավարժն ապրեց այդպես, այդ խորհրդով՝ որպես գալիքի ազնիվ սերմնացան այդպես իր հարյուրավոր սաների համար մատնանշելով կյանքի ճշմարիտ ուղին:

 Օրինակելի մարդն ստեղծեց օրինակելի ընտանիք: Նրա կյանքի ընկերը դարձավ համակուրսեցի  Մարիա Փանյանը, որն ուղեկցեց  ամուսնուն  նաև դպրոցում՝ սաների հիշողության մեջ մնալով որպես բարեհամբույր, համակրելի , սիրելի ուսուցչուհի, հոգատար մայր, անձնվեր ընկեր, անհիշաչար ու ներողամիտ մարդ: Նրանց ընտանիքում դաստիարակված երեք զավակները (1 որդի, 2 դուստր) ևս դարձան դպրոցի լավագույն շրջանավարտներ և հասարակության հարգված անդամներ:

 

2011 թվականին, ի պատիվ այդ   մեծ մարդու հիշատակի,  հայրենի գյուղի  կրթօջախը  անվանակոչվեց նրա անունուվ` ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց:

 

 

 

 

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։