ՍՏԵՓԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԳԵՂԱՄԻ (ԳԵՂԱՇԵՆ 1961-1969 թթ)
ԳԵՂԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ ՌԱԶՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ»
ԳՐՔԻ ԱՌԱՋԱԲԱՆԸ՝ « ԽՈՍՔ ՀԱՐԳԱՆՔԻ» ԽՈՐԱԳՐՈՎ
«Աշխարհագրական բառարան» գրքի հեղինակ Ռազմիկ Գեղամի Ստեփանյանը
ծնվել է 1929 թվականի փետրվարի 8-ին ՀՍՍՀ Աբովյանի շրջանի Հրազդան (այժմ՝ ՀՀ
Կոտայքի մարզ, Գեղաշեն) գյուղում:
Լինելով կազմակերպված, հետաքրքրասեր ու պրպտող մտքի տեր անձնավորու-
թյուն՝ նա իր մանկավարժական գործունեության ողջ ընթացքում՝ թե՛ դպրոցական
և թե՛ շրջանային ղեկավար պաշտոններ վարելիս, հարազատ մնաց իր վեհ կոչմանը:
Աշխարհագրության վերաբերյալ շրջանային ու հանրապետական մամուլում նա
հանդես է եկել բազմաթիվ ու բազմաբնույթ հոդվածներով, որոնք նոր հետք են թողել
գիտության բնագավառում:
Ռազմիկ Ստեփանյանի կյանքի հիսուն տարիներն անցան՝ լցված անհանգիստ
ժամանակի զարկերով և հայրենիքին ծառայելու անկոտրում կամքով: Նա գործի ու
աշխատանքի նվիրյալ էր, ավագ ընկեր և խորհրդատու, հանրագիտարան- ուսուցիչ:
Ամեն ինչ նա ձեռք էր բերել և՛ դպրոցական, և՛ ուսանողական տարիներին: Ավարտե-
լով Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
ինստիտուտը՝ նա դարձավ քարտեզի և լանդշաֆտ հանրագիտարանի նորօրյա մեկ-
նաբանն ու վերծանողը: Երկար տարիների ընթացքում նրա կատարած հետազոտու-
թյուններն ու որոնումներն իր մասնագիտության բնագավառում, հիրավի, ծնունդ
պիտի տային այս եզակի և նոր գրքի ստեղծմանը, որը, ավա՜ղ, նա չտեսավ:
Ժամանակի և տարածության մեջ անեզր ու անսպառ էր նրա միտքը, ծավալուն՝
նրա երևակայության հետագիծը: Քաջատեղյակ լինելով ամեն օր բնությանն ու նրա
երևույթներին, ժամանակի փոթորկուն կյանքին, ինչպես նաև աշխարհագրությանն
առնչվող յուրաքանչյուր երևույթին, բառին ու ծագումնաբանությանը՝ նա յուրօրինակ
բառարան-դասագիրք է թողել ընթերցողին, որով և ավելի է հորդացել մեր գիտության
աշխարհագրական գետը: Նրա գիրքը սնվում է հայրենական լիճ ու վտակից և հոսում
է դեպի համաշխարհային օվկիանոս:
Աշխարհագրության, հայրենի բնության բնագավառում այս գիրք-տեղեկատուն
կունենա, անշուշտ, իր ուրույն տեղը մինչև այսօր հրատարակված հանրագիտարա-
նային բազմաբովանդակ ընդգրկում ունեցող մյուս գրքերի շարքում:
Հայրենական գիտության երախտավոր Ռազմիկ Ստեփանյանն իր բոլոր սաներին
թողել է այս մեծ պատգամը. «Կյանքն աշխարհում ամենահետաքրքիր ու հարուստ
երևույթն է: Այն բովանդակալից և պատվով ապրելու համար քո իսկ խելքով ու քրտին-
քով դարձրու՛ էլ ավելի հետաքրքիր: Օգտվի՛ր Աստծո տված քո շնորհից, և այն կլինի
քո ամենամեծ հարստությունը»:
Նա մարդ էր մեծատառով, մասնագետ էր՝ զինված խոր գիտելիքներով, ամեն
առարկայի տեսանկունից կյանքին իր աչքերով նայող և բազմակողմանիորեն զար-
գացած անհատ, մտավորական՝ անսպառ եռանդով, հայր ու ամուսին՝ իրեն յուրա-
հատուկ նահապետական կերպարով:
Խստապահանջ մանկավարժի անունը և աշխատելու ոճը քայլող գիտնականի
խորհրդանիշ է եղել յուրաքանչյուր աշակերտի համար, ով դպրոցական տարիներին
նրա սանը լինելու երջանկությունն է ունեցել:
Աշխարհագրագետ պապի անավարտ գործը շարունակեց նրա անվանակիր մեծ
թոռը՝ մասնագիտությամբ տնտեսագետ Ռազմիկ Ստեփանյանը, որի ջանքերով
տպագրվեց բովանդակալից ու հետաքրքրաշարժ գիրք: Այն սիրո և խոր երախտա-
գիտության հուշարձան է, որը թոռը կանգնեցրեց ուսուցիչ պապիկի ծննդյան 80-ամյա
հոբելյանին:
«Աշխարհագրական բառարան» գիրքը մի նոր ճրագ է «աշխարհագրություն»
առարկայի բնագավառում՝ գիտության բազմաշերտ էջերը և մութ անկյունները վառ
լուսավորելու համար: Սա նաև աշխարհաճանաչողության օգտակար կողմնացույց է՝
տարիների տքնաջան աշխատանքի կնիքը վրան:
Սիրով և երախտագիտությամբ՝ Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի
անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության
ուսուցչուհի Գոհար Ղազարյան