Գեղաշեն համայնքի պատմությունը

           ԳԵՂԱՇԵՆԻ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

                                          

Իմ Հրազդա´ն, լույսի ոստա´ն Գեղաշեն,                                                               Զավակներդ՝ փառապանծ, օջախներդ՝ լի ու շեն…

Գեղամա վեհ լեռների մեջ բացվող վարդ,

Հավերժ մնաս ժողովրդով քո հպարտ:

Լույս սերմանող հույս-դպրոցով մշտարթուն

Դու պահում ես սերունդների միտքն արթուն:

Որդիներիդ մտքի լույսով անպակաս

Արևի պես հավերժում ես ու միշտ կաս:

Իմ Ճաթկռա´ն, իմ բարեշե´ն Գեղաշեն,

Աստծո կամոք մնաս հավերժ, մնաս շեն…

 

    ԳԵՂԱՇԵՆ,  Ճաթկռան, Ջհաթղռան, Չաթղռան, Հրազդան, գյուղ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում: Գտնվում է Աբովյան քաղաքից 12 կմ հարավ-արևելք՝ ալիքավորված հարթավայրում, բարձր է ծովի մակարդակից 1500 մետր, տեղումների քանակը՝ 350-400 մմ:   

     Գեղաշենցիների նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի և Պարսկահայաստանի Խոյի գավառներից 1828-1830-ական թվականներին ու գյուղի տարածքում հիմնել բնակատեղի: Նախկինում մտնում էր Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ: Ստույգ հայտնի չէ սկզբնական անվանումը: Մինչև 1935 թվականը կոչվել է Ճաթկռան: 1935 թվականի հունվարի 3-ի որոշմամբ դարձել է Հրազդան, իսկ 1967 թվականի հոկտեմբերի 21-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով անվանվել է Գեղաշեն:

      1831 թվականին գյուղն ուներ 69, 1897-ին՝ 1085, 1926-ին՝ 1759, 1939-ին՝ 2351, 1959-ին՝ 2451, 1970-ին՝ 2829, 1979-ին՝ 2959, 2012-ին՝ 4000-ից ավելի բնակիչ:

                                       

 

 

     Գեղաշենը՝ որպես բնակավայր, ունի դարերի պատմություն: Նրա տեղում և շրջակայքում եղած հնությունները՝  Ծատուրաշեն, Փայչախլու բերդ-ամրոցները, Սուրբ Թաթոս Առաքելի, Բալիջայի, Խաչկանց Խարաբեքի, Սուրբ Սարգսի, Լույս-գերեզմանի ավերակները, բազմաթիվ խաչքարեր, մատուռներ և մի քանի վայրերի մնացորդներ, վկայում են նրա հին լինելու մասին:

                           

 

 

      Գյուղի ճակատագիրը նման է հայ ժողովրդի ճակատագրին: Նրա վրայով անցել են օտար զավթիչների բազմաթիվ արշավախմբեր, որոնք կողոպտել, գերեվարել ու տեղահանել են տեղի բնակչությանը,  մոխրակույտերի են վերածել նրանց բնակավայրերը, սակայն մոխիրներից հառնել է այն և շարունակել ապրել ու հարատևել: Ապավինելով սեփական ժողովրդի ուժին և իմաստնությանը՝ այս շենը կրկին բռնել է արարելու, ստեղծելու և ստեղծագործելու ուղին:

     Ժամանակին տարբեր կերպ են փորձել բացատրել գյուղի անունների  ծագման պատմությունը: Ղևոնդ Ալիշանն իր «Արարատ» աշխատության մեջ Կոտայքի գյուղերի անունները հիշելիս գրել է. «Աշխարհամար Կոտայից յամի 1873, Ճաթղռան 83 տուն՝ 725 բնակիչով»: Նույն գրքի 287 էջում ավելացնում է. «Պալիճը՝ ամայի, և Ճաթգռան՝ գյուղ հայոց,  40 տանց, Սուրբ Գևորգ եկեղեցեավ»:

   Ա. Ասլանյանի և Հ. Ղ. Գրգեարյանի «Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան» - ում գրված է.  «Գեղաշեն՝ գյուղ Աբովյանի շրջանի կենտրոնական մասում՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան փեշերին, շրջկենտրոնից 12 կմ հարավ-արևելք: Բալիջ, Ճաթղռան՝ մինչև 3.1. 1935 թիվ, Հրազդան՝  3.1.1935-ից  մինչև 21.10.1967 թիվ:» Վերոհիշյալ հեղինակների մոտ Բալիջ-Ճաթղռան անունները կողք կողքի են գրված, որը մեզ հիմք է տալիս ենթադրելու,  որ գյուղի անունը սկզբում եղել է Բալիջա, իսկ նրա ավերվելուց հետո՝  Ճաթղռան:

      Անվանի գրող Սերո Խանզադյանն իր «Հայրենապատում»-ի մեջ գյուղի անունը բացատրում է այսպես. «Այդ գյուղի բնակիչները կորեկից հաց են թխել և   կերել, որը կոչվում էր ճաթ: Այդտեղից է նրա անունը»: Հիշատակվել են նաև Ծատուրավան, Մեղրավան անունները, որոնց էլ, ըստ երևույթին, հաջորդել է Ճաթկռան անվանումը:

     Նշված փաստերը ժամանակին հաստատել են հենց իրենք՝ գյուղի մեծերը, և ավելացրել նախնիներից մտապահած այլ բացատրություններ: Ասում են, որ 19-րդ դարի 2-րդ կեսին կամ վերջերին լեզգիների մի զորախումբ արշավելով գալիս հասնում է այս գյուղը: Կոտորած ու թալան անելուց հետո հանգստանում է այստեղ: Գիշերը այս և շրջակա գյուղերի բնակիչները աշխարհազոր են կազմում, հարձակվում նրանց վրա ու կոտորում բոլորին: Այստեղից էլ ծայր է առնում Ջհաթկռան անունը, այսինքն՝  ջարդի տեղ կամ տեղ, որտեղ ջարդ է եղել: Հավելում են նաև, որ դրանից հետո Մեղրավան անունը իր տեղը զիջում է Ջհաթկռանին, որն էլ փոխվելով դառնում է Ճաթկռան: Ոչ մոտիկ անցյալում այս և ուրիշ մեկնաբանություններ դարձյալ հոլովվում էին բնակիչների բերանում ու սրբացնում և´ հին, և´ նոր անունները:

     Նշված բազմաթիվ ջարդ-կոտորածների արդյունքը և ապացույցը մարդկային կմախքների մեծաքանակ կուտակումներն են, որոնք տարբեր ժամանակներում պեղել ու հայտնաբերել են տեղի բնակիչներն ու հնագետները: Դրանք հիմնականում հայտնաբերվել են հողային և ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Ժամանակը և պատմությունը խոսում են իրար հետ և հաստատում դրանք:

    Դարերի ընթացքում գյուղի անվանափոխությունների հետ փոխվել է  նաև գյուղի դիմագիծը: Այն գնալով ընդարձակում է իր սահմանները՝ ի հաշիվ իր ունեցած հողային ռեսուրսների, կապված աճող սերնդի կենցաղային, սոցիալական և այլ հանգամանքների հետ: Գյուղը հիշեցնում է արև՝ իր բազմաոստ Ճառագայթներով: Նրա հարավարևելյան մասով հոսում է «Չայ» կոչվող գետակը (անունը ստացել է ջուր տաք լինելու պատճառով): Գյուղը հարավային կողմից բարձրանում է Ձմա (Ծմակ) կոչվող լանջն ի վեր, հարավ-արևելքից լեռն ի վեր ձգվում  են սև ավազի շերտերը, իսկ ներքևում Թաթոս Առաքելի մատուռ-եկեղեցին է: Հյուսիսային կողմից լայնորեն տարածվում են նորակառույց շենքերն ու շինությունները. սրանց շարքում վեր է խոյանում դպրոցի՝ 1987-ին կառուցված տուֆակերտ եռահարկ շենքը՝ իր նախակրթարանով: Հարավ-արևմուտքից և հյուսիս-արևմուտքից գյուղը ասֆալտապատ ճանապարհներով միանում է Աբովյան և Երևան քաղաքներին: Բազմակողմյան ճանապարհներով կապված է հարևան Զառ, Կամարիս, Զովք, Սարանիստ, Սևաբերդ գյուղերին: Գյուղը արևելքից և հյուսիսից հսկում են երկու լեռները՝  Հատիս և Գեղամա: Ամեն օր՝ վաղ արշալույսին, գյուղն արթնանում է ալպյան գոտի հիշեցնող այդ լեռների լանջերից փչող սառնաշունչ զեփյուռի բերած ծաղկանց բույրով և Սուրբ Գևորգ եկեղեցու կոչնակ-զանգերի հայրենակրոն աղոթք-մրմունջով, իսկ գիշերամուտ է գնում աստղալից երկնքի հազարակնյա լույսերի ցոլքերով ողողված գետակի իրիկնային երգով:

       Ապրում է, զարգանում Գեղաշեն գյուղը՝ ժամանակի շունչն ու ռիթմն զգալով իր կրծքի տակ, քայլելով ներկայի դրոշով, սրտում պահելով անցյալի հուշերը և հայացքը հառած պայծառ գալիքին: Նա իր խոսքն է ասում իրենով ապրող ու հետաքրքրվող ամեն սերնդի ու գրում իր նոր պատմությունը Հայաստան երկրի հարուստ դասագրքի չգրված էջերին:

      Գեղաշենցին ամեն տեղ է և ամենուր.  երկիր է ղեկավարում, իր աշխատանքով շենացնում հողը, իր մատնահետքը թողնում քար ու գրին և բոլորի հետ ու բոլորի պես մասնակցում երկրի կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Նա իր հերոս զավակների կյանքով անմահացել է Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմների, Մեծ հայրենականի և Արցախի հերոսամարտերի տարիներին: Այդ են վկայում գյուղի բարձունքին կանգնեցված Անմահ զինվորի հուշարձանը և շատ շիրիմներ, որոնք դարձել են սրբավայր-ուխտատեղի: Գյուղացին ոչ միայն վարում, ցանում է, ստեղծում ու կառուցում, այլև զինվոր է և օրենսգետ, ոստիկան է  և մարզիկ, ուսուցիչ է ու շինարար, բժիշկ է և իրավաբան:

   Երկուհարյուրամյա պատմություն ունեցող Ճաթկռան-Գեղաշենը հարատևում է իր անվանն ու պատվին վայել աշխատանքով, իր ժողովրդով, անցյալից բերած ու ապագան տանող իր ավանդույթներով:

                            

 

 

   Օր օրի վեր են խոյանում նորակառույց երկհարկանի շենքերը: Մարդիկ ապահովված են խմելու ջրով, գազով, ասֆալտապատ են կենտրոնական և նրանից սկիզբ առնող փողոցները, նորակառույց թաղամասերը:

     Արարում է գեղաշենցին՝ 21-րդ դարի իր կերպարով, գրում է հայրենի գյուղի ստեղծման 200 և դպրոցի հիմնադրման 100-ամյա պատմությունը, գյուղ, որն ունի շատ անվանի մարդիկ, և դպրոց, որի արմատները խրված են նախորդ դարի մութ ու խավար տարիների մեջ, իսկ լույսերը վառվում են մեր ժամանակների գիտության ու տեխնիկայի հզորությամբ: Գեղաշենն իր գեղեցիկ ու շեն դիրքով, իր ժողովրդի ձեռքի ու մտքի  ստեղծած ինքնատիպ արժեքներով տեսանելի է բոլոր ժամանակների մեջ: Դարերի հերոսական բեռն իր ուսերին, հայրենասեր նախնյաց արյունն իր երակներում, անցյալն ու ներկան իրար շաղկապած՝ այս գյուղը կերտում է իր նորօրյա պատմությունը՝ ապավինելով իր բազկին, հավատարիմ իր հողին:

                                 

                         Արևոտ մի գյուղ՝ լեռների լանջին,

                               Որն ունի սկիզբ, բայց ոչ վերջնակետ,

                         Հայկի արյունն է իր արդար աջին,

  Քայլում է առաջ ու չի նայում հետ:

     Հպարտ հենվելով իր զորեղ բազկին,

       Մտքում իր նախնյաց ոգին առնական՝

   Ծառայում է նա փառապանծ ազգին

     Լույս-գիտելիքով, խաչով հայկական:

   Զավակներ ունի՝ պատվին արժանի,

      Որ ղեկն են պահում այս խառն օրերի

Եվ սուրբ գանձերը հեռու անցյալի

      Մասունքի նման հանձնում դարերին:

 

Հեղինակություն © 2019 School: Բոլոր իրավունքները պահպանված են: