Անմոռանալի ակնթարթներ արհեստների և արվեստների մայրաքաղաքում

Ուսումնական տարվա ծանրաբեռնված, բայց միևնույն ժամանակա արգասաբեր աշխատանքից հետո լիարժեք հանգիստը միշտ էլ սպասված է:

gyum1 gyum4 gyum3

            Այս տարի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը իր տարեվերջյան չափազանց հետաքրքիր և  բովանդակալից  էքսկուրսիան անցկացրեց Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում:Ուղևորության առաջին կանգառը Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված <<Վերածնունդ>>  հուշահամալիրն էր,որի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորված է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի (Դրաստամատ Կանայան) աճյունը:Հարգանքի տուրք մատուցելով մեծ զորավարի շիրիմին՝ շարունակեցինք ճանապարհը դեպի Հառիճի վանք(նախկինում՝ Ղփչաղավանք):Միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը մեզ հիացրեց իր նուրբ զարդաքանդակներով,կառույցի կատարելությամբ և շքեղությամբ:Վանքին կից գործող հոգևոր դպրոցի սաները,ովքեր ամուր հավատի նվիրյալներն ու պահապաններն էին,մանրամասնորեն ներկայացրին վանահամալիրի պատմությունը,ավանդազրույցները՝ կապված արաբական արշավանքների և վանքի անառիկության հետ:

gyum2  gyum5  gyum6 

            Եղանք նաև Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանքում:Հիանալով հինավուրց վանքի ճարտարապետական տեսքով՝ ևս մեկ անգամ փաստեցինք,որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ:

            Մեր վերջին կանգառը Գյումրին էր,որն իր հյուրընկալ դռները բացեց մեր առաջ:Արհեստների և արվեստների քաղաք Գյումրին աչքի ընկավ իր ինքանատիպ ճարտարապետությամբ,արձանախմբերով,խնամված և գեղեցիկ այգիներով ու պուրակներով:

            Մեր աղոթքը առ Աստված հղեցինք Վարդանանց հրապարակում գտնվող գլխավոր եկեղեցու՝ Սուրբ  Յոթ Վերքի խորանից,հավատի մոմեր վառեցինք Սուրբ Նշան եկեղեցում, հիացանք ռուսական ժամատան ինքնատիպությամբ,որը  ժողովրդի կողմից ստացել է Պլպլան ժամ անվանումը՝ փայլուն թիթեղե տանիքի պատճառով:

            Գյումրին խորհրդանիշների քաղաք է,որտեղ իրենց ուրույն տեղն ունեն ֆայտոնը և մուշուրբան(մուշուրբան պղնձե ջրաման է,որի մեջ ջուրը պահում է իր սառնությունը, և խմելիս կլկլոց է լսվում,որի համար էլ անվանում են կլկլան):Վերջինիս նկատմամբ այնքան մեծ է եղել գյումրեցու հարգանքը,որ Մուշուրբայի արձան է կանգնեցրել:

            Մեր հոգու ջերմությունը բազմապատկվեց,երբ այցելեցինք մասիսաբաղձ բանաստեղծ Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան,որտեղ բանիմաց էքսկուրսավարը մանրամասներ ներկայացրեց մեծ հայրենասերի և բանաստեղծի կյանքից:Խոսքը համեմելով գյումրեցուն բնորոշ զվարճախոսությամբ՝ հյութեղ բարբառով մեջբերումներ արեց շիրազյան մտքերից,սրախոսություններից:

            Վարպետաց փողոցի զարդը քնարերգության Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն էր,որտեղ հաղորդակից եղանք մեծ պոետի պոեզիային,զգացինք նրա շունչը,արվեստի խորությունն ու վեհությունը:

            Թանգարանում ամենուր կարելի էր զգալ մեծ բանաստեղծի ներկայությունը:Ծանոթացանք ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին,այլև ունևոր գյումրեցու կենցաղին և նիստուկացին:Այնքան մեծ էր Իսահակյանի արվեստի ուժը,որ պասսիվ այցելուի դերը մեզ չբավարարեց. ընկղմվեցինք նրա արվեստի հորձանուտում՝ դաշնամուրի նվագակցությամբ երգելով նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը,ասմունքելով նրա պոեզիայի գոհարներից մի քանիսը:

            Իրարամերժ տրամադրություն մեզ համակեց,երբ այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան, և թանգարանի բանիմաց տնօրենը մեզ ներկայացրեց տխուր աչքերով տաղանդաշատ դերասանի ողջ կյանքի պատմությունը:Թանգարանում ամեն ինչ հիշեցնում էր մեծ դերասանի խաղացած դերերը,հերոսներին,որոնցից յուրաքանչյուրը նա կերտել էր մեծ նվիրումով և տաղանդի ուժով:

            Վարպետների քաղաք Գյումրին իր հզոր մշակութային կոլորիտով,շքեղ բարբառով,ավանդական խոհանոցով ամբողջ օրը ուղեկցեց մեզ:

            Վերադարձի ճանապարհին  մտորում էինք,որ գյումրեցին հայի այն տեսակն է,ում ոչինչ չի կարող ծնկի բերել. նա կարող է փյունիկի նման մոխիրներից հառնել,արարել,ստեղծել և իր խոսքն ասել աշխարհին:

            Հայաստանի աղն ես,Գյումրի՛,

            Դու խոսքաշեն,սրամիտ,

            Ճշմարտության մաղն ես,Գյումրի՛,

            Դու իմաստուն,միամիտ:

            Շիրազն ասաց՝ գիշեր ու տիվ

            Քեզ եմ երգում,իմ Շիրա՛կ,

            Արագածին բազմած արծիվ,

            Հավերժ կապրես,իմ քաղաք:

           

           

Previous Next
  • 1
  • 2
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: