Կրթական նոր ծրագիր գերմաներենից Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում

 

ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում դասավանդվող օտար լեզուն գերմաներենն է: Դպրոցի այսօրվա սաները և նախորդ տարիների շրջանավարտները միշտ էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել գերմաներենի հանդեպ: Դպրոցն ապահովված է տեղացի մասնագետներով, ծրագրային անհրաժեշտ նյութերով և գրականությամբ: Ուսուցիչները մասնակցում են տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող վերապատրաստման գործընթացներին: Դպրոցն ակտիվորեն համագործակցում է Գյոթեի ինստիտուտի հետ, 2015 թվականից՝ Ավստրիայի կրթության նախարարության հետ:Արդեն երկու անգամ դպրոց է այցելել Ավստրիայի կրթության նախարարության միջազգային վարչության «Մշակույթ և լեզու» վարչության ղեկավար Նորբերտ Հաբելթը, Հայաստանում ավստրիական գրադարանի ղեկավար Լիանա Սաֆարյանը:

2016 թվականի հունիսին դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Մարինե Քոչարյանը մասնակցեց Վիեննայում իրականացված վերապատրաստման երկշաբաթյա դասընթացներին:
2016 թվականի հոկտեմբերի 15-29-ը երկշաբաթյա այցով Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում էր դոկտոր Թոմաս Շթիգլբրունները, ով եկել էր Ավստրիայից փոխադարձ այցով: Նրա նպատակը հայկական դպրոցում գերմաներեն լեզվի դրվածքի ուսումնասիրությունը և փորձի փոխանակումն էր:
Լինելով ռուսախոս, նաև պատմության և աշխարհագրության ուսուցիչ՝նա դասալսումներ կատարեց նաև այդ առարկաներից:Նրան հետաքրքրում էր ամեն ինչ: Նա նույնիսկ ներկա գտնվեց առաջին դասարանի «Ա» տառի շնորհանդեսին: Երբ դասվար Նելլի Քոչարյանը նրան տառերի գրքույկ նվիրեց,նա ժամանակ չկորցրեց, իսկույն սկսեց տառերը նմանակել և գրել՝ խոստանալով Ավստրիայից հայերեն լեզվով նամակ գրել:
Նրան շատ զարմացրեց աշակերտների պահվածքը դասերի ընթացքում և կարգ ու կանոնը: ,,Solch ein Disziplin?,,- այսպես արտահայտվեց նա:
Շթիգլբրուններին իր ընտանիքում հյուընկալեց դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը,որտեղ նա վայելեց ավանդական ընտանիքի նիստ ու կացը և հայկական խոհանոցի անուշահամ ուտեստները:
Տնօրեն Նաիրա Բաբայանի ուղեկցությամբ նա եղավ Հայաստանի, ինչպես նաև Կոտայքի մարզի տարածաշրջանին մոտ գտնվող գրեթե բոլոր տեսարժան վայրերում՝Գառնի, Գեղարդ, Դիլիջան, Ծաղկաձոր, Երևանի գրեթե բոլոր թանգարաններում: Հայաստանը նրա համար նոր բացահայտում էր բոլոր առումներով:
Վերադարձի նախօրեին դպրոցի դահլիճում գերմաներեն լեզվի ուսուցչուհի Հայկուհի Մանուկյանի ջանքերով կազմակերպվեց ճանաչողական բնույթի միջոցառում: Աշակերտները մեր հյուրին հնարավորինս բոլոր միջոցներով (երգ, պար, գերմաներեն լեզվով բանաստեղծություններ և պատմաաշխարհագրական փաստեր) ներկայացնում էին հայ ժողովրդի անցյալը, պատմամշակութային ժառանգությունը:
Այս միջոցառումից մեծ տպավորություն ստացած՝ նա մտավ 8բ դասարան, որտեղ բաց դաս էր, թեման՝ «Ավստրիա»: Դասը վարում էր գերմաներեն լեզվի ուսուցչուհի Մարինե Քոչարյանը: Այն սկսվեց Ավստրիայի օրհներգով, որը մեծ հուզմունք ու զարմանք առաջացրեց հյուրի մոտ: Դասն անցավ նորարարական մեթոդների կիրառմամբ:
Դ. Թոմաս Շթիգլբրունները հիացած էր աշակերտների գերմաներենի իմացությամբ և լեզվի նկատմամբ հետաքրքրասիրության դրսևորմամբ: Վերջում նա անկեղծացավ. «Ես ձեզանից շատ բան սովորեցի և այն կկիրառեմ իմ դասավանդման ընթացքում» : Նա իր հետ բերել էր բազմաթիվ նյութեր, որոնք մենք նույնպես կօգտագուծենք դասապրոցեսներում: Այս փոխադարձ այցելությունները նոր ազդակ կդառնան աշակերտների և ուսուցիչների համար՝ էլ ավելի բարձր մակարդակի վրա դնելու գերմաներենը:
Այս այցով ստեղծվեց հայ-ավստրիական բարեկամության կամուրջ:

 

  

Previous Next
  • 1
  • 2
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: