ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱԼԱՎԵՐԴԻ ԽԼՂԱԹԻ
ԱԼԱՎԵՐԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ալավերդի Խլղաթի Վարդանյանը ծնվել է 1928 թվականի մարտի 23-ին Թբիլիսի քաղաքում՝ 1915 թվին Մշո գավառից գաղթած Խլղաթ Վարդանյանի և Սառա Մանուկյանի ընտանիքում:
1930-ական թվականներին նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Կոտայքի շրջանի Սարանիստ գյուղում:
Ալավերդի Վարդանյանը նախնական կրթությունն ստացել է Թբիլիսիում, ապա շարունակել և 1947-ին ավարտել է Գեղաշենի միջնակագ դպրոցը:
1949-1953 թվականներին սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը:
Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել սկզբում Սարանիստ, այնուհետև Առինջ գյուղում՝ սկզբում որպես աշխարհագրության ուսուցիչ, հետո՝ նաև
դպրոցի տնօրեն:
1960-1965 թվականներին պատասխանատու աշխատանք է վարել Աշտարակի ու Կոտայքի միացյալ շրջկոմում:
1965-1973 թվականներին նա կրկին նշանակվել է Առինջի դպրոցի տնօրեն:
1973-1993-ին ղեկավարել է Կոտայքի մարզի (նախկինում՝ Աբովյանի շրջանի) ժողկրթության բաժինը, իսկ 1993 թվին ընտրվել է Կոտայքի շրջանի լուսաշխի արհմիության շրջկոմի նախագահ:
Հայաստանի կառավարության կողմից բարձր է գնահատվել Ալավերդի Վարդանյանի աշխատանքը կրթության զարգացման ասպարեզում, և նա արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի, մեդալների ու «Պատվո նշան» շքանշանի: