Հակոբ Պարոնյան-175

ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում ապրիլի 19-ին տեղի ունեցավ միջոցառում <<Հայոց մեծերը>> շարքից՝ նվիրված բոլոր ժամանակների տաղանդավոր երգիծաբան, հայ գրականության մեծ Մոլիերի՝ Հակոբ Պարոնյանի ծննդյան 175-ամյակին:

   


Գրական-երաժշտական ցերեկույթը կազմակերպվել էր տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ , հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ազնար Հարությունյանի կողմից, մասնակիցները 9-րդ <<Բ>> դասարանի աշակերտներն էին, ովքեր փորձեցին պարոնյանական սրամտությամբ ժպիտներ քաղել հանդիսատեսից՝ միաժամանակ բացահայտելով Պարոնյանի կյանքի փակ էջերը և հասարակական կյանքում տեղ գտած թերությունները:
Սովորողները ներկայացրին Հակոբ Պարոնյանին՝ որպես հայ երգիծական գրականության ականավոր ներկայացուցչի, երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադրի, ով իր մեծ վաստակը բերեց հայ գրականություն ՝ արժանի տեղ զբաղեցնելով հայոց մեծերի շարքում:
Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց Պարոնյանի անձնական կյանքի լուսաբանմանը, գրական ժառանգությանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ նա իր գրական գործունեությունն սկսել և ավարտել է որպես դրամատուրգ: Ընթացքում մեջբերումներ էին կատարում Պարոնյանի կենսագիր Հրանտ Ասատուրի և քրոջ որդի Մաքսուդ Սալթաջյանի տեղեկություններից և վկայություններից:
Սովորողները պտույտ կատարեցին Պոլսո թաղերով՝ բնութագրելով դրանցից յուրաքանչյուրը, <<Կսմիթներ>>, <<Հոսհոսի ձեռատետրը>> ուշագրավ երգիծապատումների միջոցով ներկայացրին Պոլսո հայերի բարոյական նկարագիրը:

   


Իրենց զարմանահրաշ խաղով սովորողները բեմադրեցին <<Մեծապատիվ մուրացկաններ>> վիպակը՝ անդրադառնալով հասարակական երկու խավի՝ <<գրական մարդոց>> և <<ազգային մեծատուններու>> կերպարներին:
Միջոցառման ավարտին աշակերտներն իրենց խոնարհումը բերեցին մեծ երգիծաբանի վաստակին, ով, կյանքում լինելով զարմանալիորեն տխուր մարդ , գտավ ամենաբուժիչ բալասանը՝ ժպիտներ պարգևելով մարդկանց:
Միջոցառման ընթացքում հնչեցին ասելիքին համահունչ երգեր՝ աշակերտների գեղեցիկ կատարումներով: Սովորողների կողմից հաղթահարված էր նաև արևմտահայերենի բարդությունը:
Գրական- երաժշտական ցերեկույթը հաջողված էր, ուսանելի և տպավորիչ:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։