Ուսուցչի օրը Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում

   Այսօր Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ  դպրոցում կրկին  տիրում էր տոնական խանդավառ տրամադրությունը:Բեմում տարբեր  դասարանների աշակերտներ էին,ովքեր իրենց  երախտագիտության  խոսքն էին  հնչեցնում՝ ուղղված ուսուցիչներին  նրանց համար կարևորագույն՝ մասնագիտական տոնի՝ ՈՒսուցչի օրվա կապակցությամբ:Միջոցառումը կազմակերպել էին հայոց  լեզվի  ուսուցչուհի  Գոհար  Ղազարյանը,  ռուսաց  լեզվի  ուսուցչուհի Տաթև  Մանթաշյանը  և  երաժշտության  ուսուցիչ  Արմեն  Կիրակոսյանը:
       Ոսկեղենիկ մայրենիով և ռուսաց լեզվով  մասնակիցները  ջերմ  բարեմաղթանքներ  հղեցին  մանկավարժներին՝  ասելիքը  ընդմիջելով  բանաստեղծություներով  և հուզառատ  երգերի գեղեցիկ կատարումներով:
    Միջոցառումը  եզրափակեց  և   ուսուցիչներին  շնորհավորեց  դպրոցի  տնօրեն  Նաիրա  Բաբայանը՝  կարևորելով  հայոց  ուսուցչի  դերը  ազգային  արժեքների  լիարժեք  պահպանման, մեր  ժողովրդի անպարտելիության ու կեցության, ազգապահպանության գործում: Նաիրա Բաբայանը  ընթերցեց  նաև  ՀՀ  Կոտայքի  մարզպետ  պարոն  Կարապետ  Գուլոյանի  շնորհավորական  ուղերձը, որում  մասնավորապես կարևորվում էր ուսուցչի անուրանալի վաստակը  մեր  անկախ  պետականության կերտման  և  նրա  կայուն  զարգացման  գործընթացներում:
    Ամփոփելով  իր  խոսքը՝  Նաիրա  Բաբայանը  նշեց, որ  գրի  և  գրականության, դպրության  և ուսուցչի  նկատմամբ  պաշտամունք  ունեցող  մեր  ժողովուրդը  դարեր  շարունակ  մեծարանքի պատվանդանին  է կանգնեցրել հայոց ուսուցչին, ուստի՝  հավատարիմ  լինենք  մեր վեհ կոչմանը և մեր հոգու լույսերը  շռայլորեն  տարածենք՝  ջերմացնելով  մեր  սաների  հոգիները  և  գիտության ջահը փոխանցենք սերնդեսերունդ:
      Միջոցառման  ավարտին  դպրոցի  12-րդ  դասարանի  աշակերտները  ծաղիկներ  նվիրեցին  բոլոր ուսուցիչներին:

 

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։